Ամենայն Հայոց կաթողիկոսը չի կալանավորվի, կհեռանա գահից, համոզված է Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը: Բալթյան երկրների թեմի առաջնորդը Փաշինյանի ձեռքը սեղմած, ապա վեհափառին սրբապղծության հովանավոր համարած միաբաններից է:
«Միակ ուղին այս ամբողջի լուծման վեհափառ հայրապետի հանդիպումն է ՀՀ վարչապետի հետ՝ քննարկելու վեհափառ տիրոջ հանգստի կոչվելու պայմանները, տարբեր հարցեր», - «Ազատության» հետ զրույցում ասաց Տ. Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը:
Վարչապետն ինքն է եպիսկոպոսների հետ հանդիպման ժամանակ ասել, որ պատրաստ է հանդիպել: Այս պահին ոչ մի նշան չկա, որ վեհափառն ու վարչապետը կնստեն նույն սեղանի շուրջ: Նախորդ շաբաթվա վերջին կաթողիկոսը հայտարարել էր՝ շարունակելու է առաքելությունը նույն նվիրումով:
«Այդ հանգստի կոչվելու մեջ ինչո՞ւ են վատ բան տեսնում», - հարցնում է Վազգեն սրբազանը:
Նա Լուսավորչի, Օծնեցու՝ գահից հեռացած կաթողիկոսների օրինակներն է վկայակոչում: Նրա տպավորությամբ՝ արդեն ուշ է, որ վարչապետն ու կաթողիկոսը հավաքվեն այլ հարց քննարկելու, քան գահը թողնելն է: Ըստ արքեպիսկոպոսի՝ այդպիսի հնարավորություն կար ամռանը:
Չի կասկածում՝ որոշ ուժերի ազդեցության տակ է փոխվում վեհափառի տրամադրությունը, և այդ ուժերը, ըստ նրա, այսօր էլ խանգարում են: Ըստ սրբազանի՝ հայաստանյան ընդդիմությունն ու Ռուսաստանն են: Որ վեհափառը, նրա թեմի առաջնորդ եղբայրը այլ երկրների շահերն են առաջ մղում՝ Փաշինյանը բազմիցս է հայտարարել: Սակայն մինչ այժմ ոչ մի փաստ չի հրապարակվել: Քրեական որևէ գործընթացի մասին հայտնի չէ:
«Ազատության» հարցին, թե փաստեր ներկայացվե՞լ են, Բալթյան երկրների թեմի առաջնորդը պատասխանեց. «Կարելի՞ է այստեղ ես լռեմ...ես կարող եմ ասել, որ այո: Եղբոր հետ կապված»:
Կաթողիկոսն էլ է այլ երկրի շահեր սպասարկում, չի կասկածում Վազգեն սրբազանը, բայց ապացույցներ էլ չի ներկայացնում, նրա համար օրինակ է Արցախի թեման. «Գործող կառավարությունը ունի միանշանակ իր պատասխանատվությունը, դա անբեկանելի է, բայց մենք չբարձրացնե՞նք նաև հարցեր՝ խաղաղապահների ներկայությամբ ի՞նչ եղավ, ինչո՞ւ կորցրինք վերջնական, ամեն ինչը կառավարության վրա գցելով կլինի՞»:
Բա ո՞ւր է ճշմարտությունը, հարցնում է Գարեգին Երկրորդի ձեռամբ եպիսկոպոս օծված ու նրա կոնդակով արքության պատիվ ստացած Վազգեն արքեպիսկոպոսը: Իսկ ինչպե՞ս է նա վերաբերվում այն փաստերին, որ վեհարանը ազատելու վարչապետի օպերացիային ԱԱԾ-ականներն են միանում, համոզում քահանաներին, որ վեհափառի անունը շրջանցեն պատարագի ժամանակ, ինչո՞ւ են իրավապահները օգնում կարգալույծ քահանային գրավված պահել Հովհանավանքը, հսկում Յոթ Վերքի երեք մուտքերը: Այդ ուժայինները թշնամի չեն, ասում է Վազգեն սրբազանը:
«Ոչ մի հոգևորականի իրավունք չունի ոչ ոք ճնշումներ գործադրել, բայց կա այստեղ մի ուրիշ բան՝ սա մեր երկիրն է, մեր հոգևոր սպասավորների, բազմաթիվ մարդկանց մեջ դրել են, որ թշնամի են իրենք: Մեր իշխանությունը, որ մեր 700 հազար ժողովուրն ընտրել է, այդ մարդկանց նկատմամբ թշնամական վերաբերմունք են ձևավորել և՛ Հայաստանում, և՛ Հայաստանից դուրս», - ասաց նա:
Վեհափառի հրաժարականը պահանջելուց 20 օր առաջ արքեպիսկոպոս Միրզախանյանն «Ազատության» հետ զրույցում ասում էր՝ մեր վեհափառն է, իր հետ քննարկում ենք ամեն բան: Հարցին, թե ի՞նչ փոխվեց, ասաց. «Մենք ստիպված ենք եղել այս քայլը կատարելու, մենք վեհափառի կողքին միշտ ենք եղել, մեր Էջմիածնի կողքին կանք և կանոնականության մեջ ենք: <> Մենք այսօր էլ ենք իր կողքին, մենք իր գործերի կողքին չենք»:
10 եպիսկոպոսների հայտարարությունից հետո մամուլը հեղեղվեց նրանց վերաբերյալ զանազան պատմություններով՝ կուսակրոնության ուխտի խախտումներից մինչև հարստություններ ու ունեցվածք: Հետաքրքիր է, որ վեհափառի հրաժարականը պահանջող բարձրաստիճան հոգևորականները ընդունում են, որ կուսակրոնության առումով Մայր Աթոռի միաբանները խոցելի են, բայց ասում են՝ դա մարդկանց չի հետաքրքրում:
Վազգեն սրբազանը մեղքերը բաժանում է՝ բնական ու անբնական, ասում է՝ պիտի կուսակրոնության հարցը լուծվի, այսինքն՝ լինի այնպես, ինչպես Լուսավորչի ժամանակներում էր, այսինքն՝ ընտանիք ունենալու արգելք չլինի հոգևոր վերնախավի համար:
Վեհափառի հրաժարականի պահանջը եպիսկոպոսները հրապարակեցին Արշակ սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութից հետո: Ստացվում է՝ բոլորին կարելի է, դիվանապետին՝ ո՞չ, Վազգեն սրբազանն արձագանքեց՝ այդ հարցին չի ցանկանում անդրադառնալ:
Մայր Աթոռը 56 եպիսկոպոս ունի, Վազգեն սրբազանը վստահ է՝ նրանցից շատերն են վեհափառի հեռացման կողմնակից, ուղղակի դեռ լուռ են: Հույս ունի՝ ի վերջո վեհափառը եպիսկոպոսական ժողով կհրավիրի, այնտեղ կստիպեն նրան հեռանալ:
Իսկ եթե չհեռանա, բացատրում է արքեպիսկոպոսը, ո՞ւմ հետ կաշխատի: Դիտարկմանը՝ գուցե նոր եպիսկոպոսներ կօծվեն, նրանք օծումից գոնե անմիջապես հետո չեն պահանջի վեհափառի հեռացումը, ասում է՝ չի լինի: Վազգեն սրբազանն ասում է, որովհետև թեմերի առաջնորդները իրենց թեմերին տիրապետում են, բաժանումներ չկան: Վարչապետի ճանապարհային քարտեզը ու Վազգեն սրբազանինը նույնն է՝ կգնա վեհափառը, հետո տեղապահ կընտրվի: Եպիսկոպոսաց դասից մի ավագ միաբան կլինի տեղապահը, եթե Վվհափառը գնա:
Ամբողջական տարբերակը՝ տեսանյութում.