Մատչելիության հղումներ

ԱԱԾ- ն ու ՔԿ-ն կգնա՞ն Փաշինյանի պնդման հետքերով. ի՞նչ կապ ունի կաթողիկոսը «օտարերկրյա ծառայության լեյտենանտի» հետ


«Ինձ պետք չէ կաթողիկոս, որ ենթարկվի ինձ, ինձ պետք է կաթողիկոս, որ չենթարկվի օտարերկրյա հատուկ ծառայության ավագ լեյտենանտի և ամենօրյա ռեժիմով չզեկուցի օտարերկրյա հատուկ ծառայության լեյտենանտներին», - վարչապետ Նիկոլ Փաշինյանը Վեհափառի հասցեին այս լուրջ մեղադրանքը հնչեցրեց այս շաբաթ՝ խորհրդարանի ամբիոնից, արդարացնելով կաթողիկոսի դեմ սկսած իր արշավը:

«Տարբերակ չունի, պետք է գնա, նույնիսկ ավագ և կրտսեր լեյտենանտները, կապիտանները, մայորները, օտարերկրյա հատուկ ծառայությունների գեներալներն ու գեներալ - գնդապետները չեն փրկի», - հայտարարել է վարչապետը:

Իսկ կոնկրետ ո՞ր երկրի հատուկ ծառայության լեյտենանտին կամ մայորին է ենթարկվում և ամենաօրյա ռեժիմով զեկուցում կաթողիկոսն, ըստ վարչապետի: Ավագ լեյտենանտի երկրի պատկանելիության մասին Փաշինյանը ոչինչ չասաց, բայց ըստ էության մեղադրելով կաթողիկոսին օտարերկրյա գործակալ լինելու մեջ, վարչապետը նախօրեին կառավարությունում նաև պնդեց, որ եկեղեցու դրսից կառավարվելու փաստն այնքան ակնհայտ է, որ անգամ ուսումնասիրության կարիք չկա:

«Ուսումնասիրելու բան էլ չկա, պետք է ուղղակի ուշադիր նայել և տեսնել էն, ինչ կատարվում, ուսումնասիրում են անհայտը, բայց ակնհայտը ինչո՞վ ուսումնասիրես», - ասել է վարչապետը:

Եթե ամեն ինչ այդքան ակնհայտ է, և ինչպես պնդում է Փաշինյանը, միայն նայելով կարելի է տեսնել, ապա ինչո՞ւ գործի չեն անցնում իրավապահ մարմինները: Հարցն այսօր խորհրդարանում բարձրացնում էին ընդդիմադիր պատգամավորները. «Եթե մեկին մեղադրում ես գործակալ լինելու մեջ, պետք է գործ բացվի, այսինքն՝ ինքը ասում է, որ կա մարդ, ում ինքը կասկածում է գործակալ լինելու մեջ, ու որևէ գործողություն դրան չի հետևում»:

Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի խոսքով՝ Փաշինյանի այդ հայտարարություններին պետք է հետևեն գործողություններ՝ կոնկրետ հոդվածներով. «եթե եկեղեցականներին մեղադրում ես գործակալ լինելու մեջ, քրեական գործ պետք է բացվի էդ հատկանիշով, և ոչ թե ջեբը պլան գցելու, հազար ներողություն»:

«Եթե մենակ ինքն է օդում կախված լուրերով խոսում որոշ մարդկանց գործակալական կապերի մասին, բայց Հայաստանի Հանրապետության և ոչ միայն Հայաստանի Հանրապետության, հայության ճնշող մեծամասնությունը որևէ կասկած չունի, թե ում հրահանգներն է կատարում Նիկոլ Փաշինյանը ու այստեղ արդեն մայորի մակարդակ չի, իրեն ավելի բարձր, բայց շատ ավելի թշնամական երկրներից էլ են խորհուրդներ տալիս», - ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը:

Իշխանական պատգամավոր Բաբկեն Թունյանն այսօր խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ, երբ խոսում էր կաթողիկոսի դեմ վարչապետի սկսած արշավի մասին, հորդորում էր հասկանալ դրա խորքային պատճառները, և ոչ թե կենտրոնանալ այն հարցի վրա, թե ինչո՞ւ է ԱԱԾ -ն համոզում պատարագում չտալ Գարեգին 2 -րդի անունը:

ՔՊ-ական պատգամավորը հիշատակելով Վեհափառի մասին Փաշինյանի պնդումը հատուկ ընդգծեց՝ դա վարչապետի պնդումն է և ոչ թե իրենը:

«Եթե վարչապետի խոսքերին հղում եք անում, ես խորհուրդ կտամ նաև մեկ այլ խոսքի հղում անել, երբ ինքը ասաց, որ մեզ պետք է ոչ թե կաթողիկոս, որը ինձ ենթարկվի, այլ ինձ պետք է կաթողիկոս, որը չպիտի ենթարկվի ինչ-որ այլ երկրի հատուկ ծառայությունների լեյտենանտին», - նշեց նա:

«Ազատության» դիտարկմանը՝ «եթե պնդում եք, որ կաթողիկոսը ենթարկվում է օտարերկրյա գեներալի կամ մայորի, դա լուրջ մեղադրանք է և դրան պետք է հետևեն իրավապահ մարմինների գործողություններ ու ոչ թե պատարագներում տեքստից զեղչում Գարեգին երկրորդի անունը», Բաբկեն Թունյանն արձագանքեց. «Նույն կերպ, եթե պնդում եք, որ ես մեղադրում եմ որևէ մեկին, դա էլ է մեղադրանք, որովհետև ես նման պնդում չարեցի, ես ուղղակի մեջբերեցի վարչապետի խոսքը, դա իրավապահ համակարգի տիրույթում է»:

Ո՞վ և ինչպիսի՞ փաստեր դրեց կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսի առջև

Ի դեպ, ոչ միայն վարչապետ Փաշինյանը, այլև կաթողիկոսի դեմ նրա արշավին միացած 10-ը եպիսկոպոսներից 2 -ը նույնպես խոսել են եկեղեցու արտաքին ուժերի կողմից կառավարելու մասին: Ավելին, Մասյացոտն թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը «Առավոտի» հետ զրույցում ասել էր, թե կաթողիկոսին վերագրվող մեղադրանքների վերաբերյալ փաստեր են դրվել իրենց առջև, որից հետո ինքը հասկացել է, թե ինչու եկեղեցին ներքշավեց քաղաքականության մեջ:

Ո՞վ և ինչպիսի՞ փաստեր դրեց կաթողիկոսի հրաժարականը պահանջող եպիսկոպոսի առջև, Գևորգ սրբազանը չմանրամասնեց, բայց պնդեց. «Հայ եկեղեցին միայն մեր ազգային շահին պիտի ծառայի, և որևէ մեկը, ով ուզում է լինել, եկեղեցում իրավունք չունի ներքաշվել քաղաքական պայքարի մեջ, դա ծառայեցնելով օտար շահերի»:

Լրագրողի դիտարկմանը՝ «հիմա Դուք հավատում եք, որ եկեղեցու առաջնորդը գործակալ է», նա արձագանքեց. «Փաստաթղթեր, հանդիպումների ֆիքսված արձանագրություններ, ի՞նչ ասեմ էլ»:

Եկեղեցին դրսից կառավարելու մասին մի հայտարարություն էլ օրերս արեց կաթողիկոսի հրաժարականի պահանջին միացած Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը. «Օտար ազդեցություն կա, արտաքին հետքը կա մեր եկեղեցու կառավարման, նրա որոշումների կայացման մեջ»:

«Անպատասխանատու խոսքեր են դրանք». փաստաբան

Չնայած կաթողիկոսի հասցեին հնչած այս մեղադրանքներին, Քննչական կոմիտեից «Ազատությանը» փոխանցեցին, որ Վեհափառի վերաբերյալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունների մասով քրեական վարույթ չկա: Իսկ ԱԱԾ -ից հարցին պատասխանելու համար խնդրեցին գրավոր հարցում ուղարկել:

Մայր Աթոռի շահերի պաշտպանությամբ զբաղվող փաստաբան Արա Զոհրաբյանը զրպարտություն է որակում վարչապետի մեղադրանքները, նշելով, որ անպատասխանատու հայտարարություններ բարձրաստիճան պաշտոնյաների կողմից հաճախ են հնչում, որոնք, սակայն, անհետևանք են մնում. «Կարող եմ ասել՝ անպատասխանատու խոսքեր են դրանք, այդքան բան»

«Անթույլատրելի է օդի մեջ հայտարարություններ անելը». իրավապաշտպան

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը անթույլատրելի է համարում վարչապետ Փաշինյանի մեղադրանքները կաթողիկոսի հասցեին, ընդգծելով՝ վարչապետը չի կարող չարաշահելով իր լիազորությունները ասել՝ ինչ ցանկանում է:

«Շատ ամոթ է, որ վարչապետը օդի մեջ հայտարարություններ է անում, առանց հիմնավորումների, ուղղակի նպատակ ունենալով վարկաբեկել կաթողիկոսին: Զբաղվեիր այդ հարցով, եթե այդպիսի փաստեր ունես, իսկ եթե դու փաստեր չունես ու միայն օդի մեջ ես ասում, ի՞նչ իրավունքով ես դա ասում: Ինչքա՞ն կարող է սա շարունակվել», - ասաց Ալեքսանյանը:





XS
SM
MD
LG