Բաքվի դատարանի առջև կանգնած 15 հայ գերիները սկսել են հանդես գալ վերջին խոսքով, հաղորդում է Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալությունը։ Նրանցից 8-ը՝ Լևոն Բալայանը, Մադաթ Բաբայանը, Գարիկ Մարտիրոսյանը, Մելիքսեթ Փաշայանը, Դավիթ Ալավերդյանը, Գուրգեն Ստեփանյանը, Էրիկ Ղազարյանը, Վասիլի Բեգլարյանը, վերջին նիստում հայտարարել են, որ չեն ընդունում իրենց առաջադրված մեղադրանքները։
Արդեն ավարտին մոտեցող դատավարությունը լուսաբանող միակ լրատվամիջոցը՝ «Ազերթաջ»-ն իր հերթական հրապարակման մեջ ևս հայ գերիներին վերագրվող մեջբերումներ է արել։ Ըստ այդ հրապարակման՝ գերիներից Լևոն Բալայանն իր ելույթում հայտարարել է, որ իրեն մեղավոր չի ճանաչում՝ հավելելով՝ «զենք ունեցել է», բայց մարդկանց վրա չի կրակել, մեկ այլ մեղադրյալ՝ Մադաթ Բաբայանը հերքել է, թե սպանություն է գործել։ Մելիքսեթ Փաշայանը, ըստ «Ազերթաջ»-ի, նշել է, որ, ինչպես ավելի վաղ ասել էր, ինքը եղել է Աղդամի գյուղերում, սակայն այնտեղ մարտական գործողությունների չի մասնակցել։
Ադրբեջանական պետական գործակալության հաղորդմամբ՝ վերջինս նաև ասել է, թե 2023 թվականին երեք ամիս գտնվել է դիրքում։ Բաքվից կողմից մեղադրվող Էրիկ Ղազարյանն էլ իբրև հայտարարել է, թե «2021–2023 թվականներին ինքը եղել է Հայաստանի զինված ուժերի զինվոր, ծառայության ընթացքում կատարել է զինվորական պարտքն ու իրեն մեղավոր չի համարում»։
Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը եզրափակիչ խոսքով հանդես կգա հաջորդ նիստին՝ դեկտեմբերի 19-ին։ Մինչ այդ նա, ըստ ադրբեջանական պետական լրատվամիջոցի, հասցրել է ելույթում հնչեցնել դատախազության մեղադրանքի վերաբերյալ իր հակափաստարկները։
Գերիների հարազատները պարբերաբար հայտնում են, դատավարությունը լուսաբանող միակ լրատվամիջոցը Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հայտարարություններն ու արտահայտած մտքերը ամբողջությամբ չի փոխանցում, խմբագրում է, հաճախ սխալ թարգմանում։
Ադրբեջանի դատախազությունը պահանջում է ցմահ ազատազրկման դատապարտել Արցախի հինգ նախկին ղեկավարներին, իսկ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դեպքում՝ 20 տարվա ազատազրկում, քանի որ նրանց 65 տարին լրացած է: Մյուս գերիների համար էլ մեղադրող կողմը մինչև 20 տարվա ազատազրկում է պահանջում։
«Կարող են պատժատեսակները տարբեր լինել»
Բաքվի դատավարությանը հետևող հայաստանցի իրավապաշտպանները լավատեսական սպասումներ չունեն ավարտին մոտեցող դատավարությունից։
«Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ իրավապաշտպան Աննա Մելիքյանն ասում է՝ առավել իրատեսական է, որ Բաքվի դատարանը մեղադրական վճիռներ կհրապարակի, քան կարդարացնի Բաքվի դատարանի առջև կանգնած հայերից ոմանց։
«Թեև պաշտպանները՝ այդ պետության կողմից տրամադրված ձևական դեր կատարող պաշտպանները միջնորդել են արդարացնել, բայց սա, ըստ էության, ձևական մոտեցում է, և կարող ենք ենթադրել, որ մեղադրական վճիռ կլինի։ Այլ բան է, թե պատժատեսակները կարող են, իհարկե, տարբերվել արդեն այս դերակատարության և զբաղեցրած պաշտոնի և այլն: Կտեսնենք, որովհետև նախկինում կրկին կոմպատանտի դասական դերակատարության համար, հատկապես Հայաստանից գերեվարված, այսինքն՝ 20 թվից ի վեր, գերեվարված զինծառայողներին դատել են սահման անցնելու և զենք կրելու համար», - ասաց Մելիքյանը։
Հայ ռազմագերիներին ծանր մեղադրանքներ են ներկայացված՝ ահաբեկչությունից մինչև ցեղասպանություն: Բաքվի դատարանում տեղի ունեցողը հայ իրավապաշտպանները քաղաքական հաշվեհարդար են համարում, ոչ թե արդարադատություն, ինչպես Բաքուն է փորձում ներկայացնել։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ու մյուս գերիների դատաքննությունից առանձին է ընթանում ընդամենը երեքուկես ամիս Արցախի պետնախարարի պաշտոնը զբաղեցրած Ռուբեն Վարդանյանի դատավարությունը։ Ռուբեն Վարդանյանը դատական վերջին նիստերին պարբերաբար պահանջում է իրեն տրամադրել քրեական գործի նյութերը: Բաքվում պահվող 23 գերիներից 7-ի դատավճիռներն ավելի վաղ են կայացվել։
Իրավապաշտպան Աննա Մելիքյանը կարծում է, որ հայ գերիներին հայրենիք վերադարձնելը հնարավոր կլինի միայն քաղաքական պայմանավորվածությունների արդյունքում. «Բավականին մտահոգիչ է այն հանգամանքը, որ Ադրբեջանի նախաձեռնությամբ միանշանակ ամեն ինչ արվել է, որպեսզի միջազգային դերակատարները դուրս մնան բանակցային պրոցեսից, այդ թվում նաև այս մարդասիրական հարցի կշռում: Ու մենք տեսնում ենք, որ եթե նախկինում տարբեր պետությունների կամ միջազգային կառույցների միջնորդությամբ էին հայրենադարձվում մեր գերիները, այս դեպքում փաստացի հույս պետք է դնենք արդեն հայ-ադրբեջանական պայմանավորվածությունների վրա, իսկ դա միշտ նշանակում է, որ Հայաստանը պետք է զիջումների գնա։ Այսինքն՝ Ադրբեջանը բարի կամք երբեք միակողմանի չի դրսևորում և բնավ որևէ փոխզիջումների արդյունքում է ինչ-որ քայլեր կատարում, այդ թվում նաև հայրենադարձումը գերիների»։
Ըստ Մելիքյանի՝ վաշինգտոնյան հանդիպումը, որի ընթացքում նախաստորագրվեց հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագիրը, բաց թողնված հնարավորություն էր գերիների հարցում առաջընթաց գրանցելու առումով։ Խաղաղության փաստաթղթում կողմերը չեն անդրադարձել Բաքվում պահվող գերիներին հարցին, միայն համաձայնել են, որ փորձելու են լուծում տալ անհետ կորածների խնդրին։ Վարչապետ Փաշինյանը պարբերաբար հավաստիացնում է, որ իր կառավարությունն աշխատում է գերիներին տուն բերելու ուղղությամբ: