Մատչելիության հղումներ

15 գերիների դատավարությունը մոտենում է ավարտին, Վարդանյանի գործով դեռ ցուցմունք են տալիս «տուժածները»


Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի դատարանում, նոյեմբեր, 2025թ.
Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարությունը Բաքվի դատարանում, նոյեմբեր, 2025թ.

Բաքվի բանտում շուրջ երկու տարի պահվող Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատական վերջին նիստերի ընթացքում պարբերաբար պահանջում է իրեն տրամադրել քրեական գործի նյութերը: Դատելով Ադրբեջանի պետական «Ազերթաջ» գործակալության տեսանյութերից՝ թեև դատավորը բավարարում է Վարդանյանի միջնորդությունը, սակայն հաջորդ նիստին հայազգի բարերարը կրկին նույն հարցն է բարձրացնում: Արդյոք Ռուբեն Վարդանյանին իր քրեական գործին առնչվող նյութերն այդպես էլ չեն տրամադրվում, անհնար է պարզել, դատավարությունն ընթանում է միջազգային կառույցների և անկախ լրատվամիջոցների բացակայությամբ:

Ի տարբերություն գերեվարված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և մյուս հայերի դատական գործի, որտեղ ադրբեջանցի մեղադրող դատախազը արցախցի նախկին պաշտոնյաներին վերագրվող տարբեր հայտարարություններ, փաստաթղթեր ու տեսանյութեր է ուսումնասիրում, երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանի գործով գրեթե երկու տարի է շարունակում են ցուցմունք տալ դեռևս 90-ականներից տարբեր վիրավորումներ ստացած ադրբեջանցիները: Նրանք ամեն դատական նիստին պատմում են, թե որտեղ, երբ, ինչ աստիճանի վիրավորումներ են ստացել:

Այդ ցուցմունքներից, սակայն, այդպես էլ պարզ չի դառնում, թե ինչ կապ ունի Ռուբեն Վարդանյանն այդ ամենի հետ: Նա 2022 թվականի նոյեմբերից մինչև 23-ի փետրվարը, այսինքն՝ ընդամենը երեք ամիս զբաղեցրել է պետնախարարի պաշտոնը և երբեք չի մասնակցել ռազմական գործողությունների:

Մինչ Ռուբեն Վարդանյանի գործով շարունակում են ցուցմունք տալ տուժող ներկայացվող անձինք, Արցախի մյուս նախկին ղեկավարների և այլ հայերի, թվով 15 անձանց գործը մոտենում է ավարտին: Ադրբեջանի դատախազը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Արցախի հինգ ղեկավարներին, իսկ Բակո Սահակյանի և Արկադի Ղուկասյանի դեպքում՝ 20 տարվա ազատազրկում՝ նրանց 65 տարին լրացած լինելու կապակցությամբ: Մյուս հայերին սպառնում է մինչև 20 տարվա ազատազրկում:

Վերջին դատական նիստում, սակայն, գերեվարված հայերի փաստաբանները նշել էին, որ նրանք իրենց մեղավոր չեն ճանաչում, և դատարանից պահանջել էին արդարացման վճիռներ կայացնել:

Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի փաստաբանն ասել է, որ Սահակյանը պաշտոնավարման ընթացքում աշխատել է թիկունքում, սննդի և դեղորայքի բաժանման հարցերով է զբաղվել, պատերազմի կազմակերպմանը և ռազմական գործողություններին էլ չի մասնակցել:

Արցախի մյուս նախկին նախագահի՝ Արայիկ Հարությունյանի փաստաբանն էլ պնդել է, որ իր պաշտպանյալը կապ չի ունեցել 2020-ին 44-օրյա պատերազմի օրերին Գյանջայի հրթիռակոծման հետ: Փաստաբանը հայտարարել է, որ Գյանջայի հրթիռակոծման հրամանը տվել է ոչ թե Արայիկ Հարությունյանը, այլ՝ Հայաստանի իշխանությունները, ավելին՝ հրթռները նույնպես արձակվել են Հայաստանի տարածքից:

Մինչ Բաքուն ամենածանր մեղադրանքներով շարունակում է դատել Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Գերմանիայում անդրադառնալով 23 հայ գերիների հարցին, պնդել է, որ այս խնդիրը կարող է լուծվել միայն խաղաղության հաստատմամբ և փոքր քայլերով:

«Սա շատ զգայուն հարց է, մեր դիրքորոշումը հետևյալն է, որ այս խնդիրը կհասցեագրվի ավելի հեշտորեն համագործակցության և խաղաղության մթնոլորտում, քան՝ հակամարտության մթնոլորտում», - հայտարարել է Հայաստանի վարչապետը:

«Հակամարտության մթնոլորտում հնարավոր չէ հասցեագրել այս խնդիրը: Բայց քանի որ մենք ընթանում ենք խաղաղության ամրապնդման ուղղությամբ, ավելի ու ավելի իրատեսական է դառնում փոքր քայլերով այդ խնդրի լուծումը:
Դա է մեր դիրքորոշումը, ուստի խաղաղություն հաստատելը նշանակում է լուծել այլ խնդիրները նույնպես: Դա է մեր ընկալումը», - ասել է Փաշինյանը:

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն էլ այսօր լրագրողների հետ զրույցում գերիների հարցի դրական լուծման հնարավորության մասին խոսեց. - «Դրական լուծման միտում ես տեսնում եմ»:

Իսկ այդ ի՞նչ միտումներ են, որոնք լավատեսություն են ներշնչում Ազգային ժողովի նախագահին: «Որ ես ասում եմ, որ մենք խոսում ենք մարդկանց հետ, միջազգային կառույցների հետ կամ միջազային ներկայացուցիչների հետ, ես տեսնում եմ, որ դա լեգիտիմ պահանջ է Հայաստանի Հանրապետության կողմից, լեգիտիմ խոսակցություն է, և բացառում եմ, որ որևիցե լեգիտիմ խոսակցություն չունենա դրական արձագանք, ուղղակի պետք է մի քիչ էլ համբերությամբ լցվենք», - ասաց Սիմոնյանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանում հայ գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանը, սակայն, կարծում է, որ որոշ թվով հայ գերիների ազատ արձակումը հնարավոր կարող է լինել քաղաքական պրոցեսների, մասնավորապես՝ հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացի շրջանակում: Բայց դա էլ, ըստ Սահակյանի, հնարավոր կարող է լինել որոշակի տեղաշարժերի՝ կա՛մ սահմանազատման գործընթացում առաջընթացի, կա՛մ TRIPP նախագծով կատարված աշխատանքի դեպքում:

«Այս պարագայում մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը կփորձի փրկել իր մարդասիրական դեմքը և որոշակի, սահմանափակ թվով հայ գերիների ազատ արձակի», - «Ազատության» հետ զրույցում նշեց ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի պաշտպանը:

Իրավապաշտպանի համոզմամբ, այդուհանդերձ, բացառվում է, որ այս փուլում Բաքուն ազատ արձակի Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը: Սահակյանի գնահատմամբ՝ գուցե Ադրբեջանն առաջին փուլում ազատ արձակի 2023-ի սեպտեմբերյան պատերազմի ժամանակ Արցախի ինքնապաշտպանությանը մասնակցած 8 անձանց, հետո արդեն գուցե անդրադառնա 2020 թվականին գերեվարվածներին:

Ի դեպ, Սահակյանն արձանագրում է, որ Բաքուն վերջին շրջանում արագացրել է 15 հայերի դատավարությունները, և ակնկալվում է, որ մինչև տարեվերջ դատավճիռներ կկայացվեն:

«Սա ինչով ենք կարևորում՝ որ անգամ քաղաքական պայմանավորվածությունների դեպքում Ադրբեջանը չի հանձնի, չի հայրենադարձնի որևէ հայի, քանի դեռ մեղադրական դատավճիռները հրապարակված չեն», - ընդգծեց իրավապաշտպանը:

Ի դեպ, ՀՅ Դաշնակցության անդամներն այսօր 23 հայ գերիների լուսանկարներով հավաքվել էին Երևանում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց՝ պահանջելով հետամուտ լինել Բաքվի բանտերում պահվող հայ գերիների ազատ արձակմանը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG