Նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի նկատմամբ կատարված հանցագործության գործով 4 անձ է ձերբակալվել:
ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն առանց Հակոբյանի անունը նշելու հայտնել է, որ ոստիկանության ծառայողները այսօր ձերբակալել են 4 անձանց, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ։ Նրանք կներկայացվեն Քննչական կոմիտե:
Մի խումբ դիմակավորված տղամարդիկ այդ օրը հարձակվել էին ընդդիմադիր գործչի վրա ու նրան ծեծել: Դեպքը տեղի էր ունեցել կեսօրին, հանրային վայրում՝ «Դալմա մոլ»-ի ետնամասում:
Միհրան Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն:
Նա «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր է, Փաշինյանի իշխանության քննադատներից:
Բռնության դեպքով քրեական գործ է հարուցվել՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածով: