«Քննչական կոմիտեն խուզարկություն է կատարել, փրկարար ծառայողներին ներգրավել այս ամեն աշխատանքին, որ ջարդի սեյֆը և դուրս բերի «Ազատ Արցախ» թերթը», - Երևանում Արցախի ներկայացուցչությունում 5 ժամ ընթացող խուզարկության հետքերն է ցույց տալիս փաստաբան Ռոման Երիցյանը։ Ի՞նչ էին այստեղ կեսօրից փնտրում քննիչները:
Քննչական կոմիտեն առայժմ չի պարզաբանում, փաստաբանն էլ շատ փակագծեր չբացեց՝ հայտնելով միայն, որ կոտրված չհրկիզված պահարանից դուրս բերվածը՝ «Ազատ Արցախ» թերթն ու ու դատարկ թղթապանակաները շենքում են թողել, առգրավել են համակարգիչները։
«Ինչ առգրավել են, ես կարծում եմ, դրանք վարույթի համար որևէ էական նշանակություն ունենալ չեն կարող», - ասաց Երիցյանը:
Քրեական վարույթը, որի շրջանակներում իրականացվում էր խուզարկությունը, ըստ փաստաբան Ռոման Երիցյանի, նախաձեռնվել է 2025 թվականի հունիսին և կապված է ենթադրյալ տնտեսական հանցագործության հետ։ Բայց Երիցյանն ավելի քան վստահ է՝ սա քաղաքական հետապնդման ու արշավի շարունակությունն է։ Պատահակա՞ն էր արդյոք, որ երեկ հենց այս շենքում լսումներ էին հրավիրել, որի ժամանակ էլ արցախցները հայտարարեցին՝ Լեռնային Ղարաբաղ հավաքական վերադարձի իրենց իրավունքից հրաժարվել չեն պատրաստվում:
«Հետապնդումները ակտիվ են եղել, ուղղակի երեկվա խորհրդարանական լսումները լրացուցիչ առիթ են եղել, որ պետք է նոր խուզարկություններ լինեն», - լրագրողների հետ զրույցում ասաց «Արցախ» միության նախագահ Արտակ Բեգլարյանը:
Արցախի նախկին պետնախարար Նժդեհ Իսկանդարյանն էլ նշեց. «Մեզ համար ակնհայտ էր ի սկզբանե, ամեն ինչը կապված էր երեկվա լսումների հետ: Սրանք այն մեսիջներն են, որոնք մենք ստանում ենք Հայաստանի իշխանություններից: Չեմ բացառում, որ հետագայում այդ ամենը շարունակական բնույթ կկրի»:
Արցախի պետական ինստիտուտները հանգիստ չեն տալիս Հայաստանի իշխանություններին, Արցախի նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանն ու պետնախարարի պարտականությունները կատարող Նժդեհ Իսկանդարյանը պնդում են՝ այսօրվա խուզարկության հիմքը քաղաքական է:
Գործը, սակայն, ինչպես փաստաբան Երիցյանը, նշեց տնտեսական հիմքով է հարուցվել։ Հունիսից մինչև հիմա քրեական վարույթի շրջանակում, Երիցյանի տեղեկություններով, հարցաքննվել է «Արդշինբանկ» ՓԲ ընկերության տնօրենը։
«Խոսքը վերաբերում է կոնկրետ իրավաբանական անձի ու Հայաստանում գործող բանկի միջև կնքված վարկային պայմանագրի շրջանակներում Արցախի ներդրումային հիմնադրամի կողմից ցեսիայի պայմանագիր կնքելու հետ: Ցեսիայի պայմանագիրը կնքվել է ՀՀ կառավարության և Արցախի Հանրապետության կառավարության որոշման շրջանակներում: Այսինքն՝ այստեղ բացահայտ հանցագործության տարրեր, ուսումնասիրելով՝ դատարանի որոշումը խուզարկության, անձամբ ես չեմ արձանագրում: Եվ չեմ հասկանում առհասարակ 2021 թվականին տեղի ունեցած իրադարձությունը ինչ կապ ունի Արցախի Հանրապետության մշտական ներկայացուցչության տեղակայման վայրի հետ», - նշեց Երիցյանը:
Ո՞վ է իրավաբանական անձը, փաստաբանը հրաժարվեց նշել, սակայն խոսքում ակնարկեց՝ դատարանն իր որոշման հիմքում դրել է կալանավորված միլիարդատեր Սամվել Կարապետյանի նկատմամբ իրականացվող քրեական հետապնդումը ու վերջինիս կողմից նախաքննության ընթացքում տված ցուցմունքը: Փաստաբանը հրաժարվեց մանրամասնել՝ ի՞նչ ցուցմունքի մասին է խոսքը, ակնարկեց միայն, որ այսօրվա խուզարկությունը կարող է օգտագործել այլ նպատակով։
«Ոչ միայն հնարավոր է՝ նոր վարույթներ տեսնենք, այլ նաև հնարավոր է, որ սրանք ներկայացնենք որպես չակերտավոր իրավական գործողություններ, որոնք իրականացվում են այլ քաղաքական հետապնդումների համատեքստում», - ասաց փաստաբանը:
«Ազատության» հարցին՝ ո՞ր քաղաքական հետապնդումների մասին է խոսքը, փաստաբանը պատասխանեց. «Այս պահի դրությամբ գրավոր նախազգուշացվել եմ նախաքննական ինձ հայտնի դարձած տվյալները չհրապարակելու մասին: Արդեն այդ բովանդակության հայտարարությունները ես կատարել եմ՝ ինչ վարույթի շրջանակներում, ինչ փաստական տվյալներ հիմք ընդունելով է դատարանը կայացրել նման որոշում ու ինչ վարույթի շրջանակներում են փորձել այս ամեն ինչը օգտագործել, փորձել, բայց այդ փորձը չի հաջողվել»:
Հարցին՝ Սամվել Կարապետյանն է ինչ-որ բան ասե՞լ, նա պատասխանեց. «Ոչ, ընդհանրապես դա բացառեք, Սամվել Կարապետյանի մասով, օրինակ, կարող էին այստեղ գալ ու փնտրել Ստեփանակերտի հիվանդանոցի համար ինչ գործողություններ է ձեռնարկել ինչպիսի գործողություններ է օժանդակված եղել այդ ամենը և ինչի է նա արել: Սամվել Կարապետյանի վերաբերյալ բացի բարեգործական գործողութուններին վերաբերելի փաստաթղթերի ոչինչ այստեղից չեն կարող գտնել, այնուամենայնիվ հիմքում ի թիվս այլոց դրված է նաև այդ հանգամանքը: Դրանից կարելի է հետևություն անել, որ փորձել են այստեղից էնպիսի բան հայտնաբերել, որ կարող են օգտագործել այդ վարույթի շրջանակներում: Երկրորդ՝ երեկվա խորհրդարանական լսումների ընթացքում լուսաբանված տեղեկությունները կամ հայտարարությունները, որոնք կատարվել են մեր ներկայացուցիչների կողմից ակնհայտ է, որ դուրեկան չէին Հայաստանի Հանրապետությունում ներկայումս իշխանություն զբաղեցնողին»:
Խուզարկության նախորդ օրը երբ ԼՂ ներկայացուցչությունում բարձրացնում էին վերադարձի հարցը, Գերմանիայում վարչապետ Փաշինյանը վտանգավոր թեմա անվանեց սա, ավելին՝ Փաշինյանն Ադրբեջանին առաջարկեց զուգահեռաբար փակել Լեռնային Ղարաբաղ հայերի վերադարձի ու այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» թեմաները։
«Ազատության» հարցին՝ կապ տեսնո՞ւմ է նախօրեին Ադրբեջանին ուղղված վարչապետ Փաշինյանի առաջարկի ու այսօրվա խուզարկության միջև, Բեգլարյանը պատասխանեց. «Կարող է կապ լինել, իսկ Արցախի ժողովրդի վերադարձից հրաժարվողը չի կարող լինել Նիկոլ Փաշինյանը կամ ՀՀ վարչապետը: Արցախի ժողովուրդը պետք է որոշի՝ վերադառնում է, թե չի վերադառնում: Տվյալ դեպքում Հայաստանի վարչապետը կարող է Հայաստանի Հանրապետության կառավարության դիրքորոշումը հայտնել, որը մեզ համար խիստ անընդունելի է, դատապարտելի է»:
Ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, որ այսօր ևս Լեռնային Ղարաբաղի ներկայացուցչություն էր շտապել խուզարկության լուրը ստանալուն պես, վստահ է՝ այս իրադարձությունները ունեն հստակ պատճառահետևանքային կապ։
«Այս գործողությունն ամբողջությամբ տեղավորվում է այդ ապօրինի վարքագծի մեջ՝ անկախ նրանից, թե հետագայում Քննչական կոմիտեն կամ տարբեր պաշտոնյաներ ինչ կհնչեցնեն, շատ ակնհայտ է, որ բոլորիս աչքի առաջ է», - ասաց Աբրահամյանը:
5 ժամ խուզարկությունից հետո ձերբակալվածների մասին տեղեկություն չկա։ Փաստաբանը իրավական հիմքեր չի տեսնում, սակայն հետագա ավելի կոշտ զարգացումներն էլ չի բացառում։