Մատչելիության հղումներ

«Բնականաբար հայտնի գույքեր են». Գլխավոր դատախազը հայտարարում է՝ Սևանի ափին գտնվող սեփական կառույցները քանդելու գործընթաց են սկսել


2018-ի հեղափոխությունից ի վեր կառավարության պատասխանատուները մի քանի անգամ տվել են նախկին բարձրաստիճան պաշտոնյաների անուններ, որոնք Սևանա լճի ափամերձ հատվածներում առանձնատներ, հյուրանոցներ ու քարե տարբեր շինություններ են կառուցել՝ բազմաթիվ խախտումներով:

Այսօր գործադիրի նիստում հերթական անգամ հայտնի անուններ հնչեցին: Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ասաց՝ Սևանի ափին գտնվող նրանց սեփական կառույցները քանդելու գործընթաց են սկսել: Միջնորդագրեր են ուղարկել Շրջակա միջավայրի նախարարություն և Սևանի ազգային պարկ: Նաև հանցագործության մասին հաղորդում են ներկայացրել Քննչական կոմիտե, քրեական վարույթ է հարուցվել՝ ժամանակին տեղի ունեցած հանցագործության վերաբերյալ:

«Բնականաբար հայտնի գույքեր են։ Մեկը «Հարսնաքարն» է, մեկը Վլադիմիր Գասպարյանին՝ նախկին փոխոստիկանապետին պատկանող առանձնատունն է։ Մի գույք կա, որը պատկանում է Սասուն Միքայելյանին», - ասաց Վարդապետյանը։

Դեռ 2018-ին «Ազատությունն» անդրադարձել էր Սևան ազգային պարկի ու մյուս պատասխանատուների ապօրինի կառույցները ապամոնտաժելու նախաձեռնություններին: Հեղափոխությունից անմիջապես հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը «Սևան ազգային պարկի» տնօրենին հանձնարարել էր առանձնատների վերաբերյալ տեղեկություն տրամադրել, ասել էր՝ դրանց մի մասով իրավապահները կզբաղվեն: Վարչապետը ազգային պարկի տնօրենին հանձնարարել էր «հատ-առ հատ վերանայել նաև Սևանի ափամերձ տարածքների վարձակալության պայմանագրերը, նշել, թե դրանք վարձակալության են հանձնվել հիմնականում ծիծաղելի գներով:

Այդ տարի «Սևան ազգային պարկի» տնօրեն Վահե Գուլանյանն «Ազատությանն» ասել էր. «Կա՛մ ապամոնտաժման, կա՛մ, եթե տեսնենք, որ քաղաքաշինական նորմերը չեն խախտվել, եթե ամեն ինչը համապատասխանում է օրենքի պահանջներին, դա կարող է դառնալ նաև պետության սեփականությունը»:

2020-ին էլ Շրջակա միջավայրի նախարարի պաշտոնը ստանձնելուց հետո Ռոմանոս Պետրոսյանը հայտարարել էր, որ Սևանը ապօրինի շենք շինություններից մաքրելու գործընթաց են սկսել։

Յոթ տարի անց շքեղ առանձնատներն իրենց տեղում են: «Հարսնաքարի» սեփականատեր Ռուբեն Հայրապետյանն ու նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանն անցնում են ապօրինի գույքի բռնագանձման գործով: Հակակոռուպցիոն դատարանն արդեն երկու տարի քննում է նրանց գույքի օրինականությունը: Բայց Սևանի ափի նրանց խախտումներով կառուցված շքեղ շինությունները դատարան հասած ապօրինի գույքի ցանկում չկան ու դեռ կանգուն են:

Ազգային պարկի ներկայիս տնօրեն Կարեն Մնացականյանն ասաց՝ 2020-ից ի վեր մոտ 150 շենք-շինություն ապամոնտաժել են: Թե ինչ շինություններ են եղել դրանք, ասաց, հանրությունը լավ տեղեկացված չէ միայն այն պատճառով, որ չեն լուսաբանել:

«150 միավոր շենք-շինություն ենք ապամոնտաժել, Այդ աշխատանքները պարբերաբար շարունակվում են: Պարզ ասեմ՝ մենք որևիցե անգամ դա չենք լուսաբանել, պլանավորել ենք այսուհետ մեր արած աշխատանքները լուսաբանել», - ասաց Մնացականյանը:

Այսօր գործադիրի նիստում, որպես Սևանի ափի ապօրինի շինության սեփականատեր հնչեց նաև իշխող ՔՊ-ի անդամ, նախկին պատգամավոր, Եկրապահ կամավորականների միության նախագահ Սասուն Միքայելյանի անունը: 2021-ին Սևան ազգային պարկի հետ տարածքի վարձակալության պայմանագիր է կնքել: Տնօրեն Կարեն Մնացականյանը հաստատեց, որ դրանից առաջ էլ այդտեղ շինություն է ունեցել ու բիզնես գործունեություն վարել, բայց վարձակալության դիմաց վճարումներ միայն 2021-ից հետո է արել, երբ կնքել է եռամյա պայմանագիրը: Այսօր կառավարության նիստում գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ասաց՝ վարձակալության պայմանագիրը խախտումներով է կնքվել. «Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մրցույթը կազմակերպվել է 2004 թվականին, սակայն հաղթողի հետ պայմանագիրը կնքվել է 2021 թվականին: Հայտնաբերված խախտման հիման վրա Գեղարքունիքի դատախազի առաջարկով 25 թվականի դեկտեմբերի 4-ին վարձակալության իրավունքի վկայականը ճանաչվել է ուժը կորցրած»:

Ազգային պարկի տնօրեն Կարեն Մնացականյանը հաստատեց՝ ՔՊ-ական նախկին պատգամավոր Սասուն Միքայելյանի հետ վարձակալության պայմանագիրը խզել են: Երեք տարով էր՝ ժամկետն արդեն ավարտված էր: Ինչ վերաբերում է խախտումներով տրված վարձակալությանը, ապա տնօրենն ասում է՝ կարծիքները տարբեր են՝ կա՞ այստեղ խախտում, թե՞ ոչ, մանավանդ, որ երեք տարվա ընթացքում 6,5 միլիոն դրամ վճար են ստացել սեփականատիրոջից:

Ազգային պարկի տնօրենը նաև վստահեցնում է, թե վերջին տարիներին վերանայել են տարածքի վարձակալության գները: Եթե նախկինում 1քմ տարածքի վարձակալության գինը 90 լումայից մինչև 100 դրամ է եղել, ապա այն վերանայելուց հետո ազգային պարկի ձեռնարկատիրական եկամուտները կրկնակի ավելացել են՝ հասնելով մինչև կես միլիարդ դրամի:

Ըստ ազգային պարկի տնօրենի, չնայած իրենց ջանքերին, դեռ հազարների են հասնում սևանի ափին ապօրինի տարածքները, շարժական ու անշարժ կառույցները, որոնք ենթակա են ապամոնտաժման:


XS
SM
MD
LG