Միհրան Հակոբյանի նկատմամբ կատարված հանցագործության գործով 4 անձ է ձերբակալվել

Նախկին պատգամավոր Միհրան Հակոբյանի նկատմամբ կատարված հանցագործության գործով 4 անձ է ձերբակալվել:

ՆԳՆ խոսնակ Նարեկ Սարգսյանն առանց Հակոբյանի անունը նշելու հայտնել է, որ ոստիկանության ծառայողները այսօր ձերբակալել են 4 անձանց, որոնք կասկածվում են դեկտեմբերի 8-ին մոլերից մեկի հարակից ավտոկայանատեղիում կատարված հանցագործության մեջ։

Քննչական կոմիտեն ավելի ուշ հայտնել է, որ Հակոբյանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքը նախապես պլանավորվել է, դրա կատարման համար ձեռք են բերվել միջոցներ, այդ թվում՝ տրանսպորտային միջոց և կեղծ համարանիշ, որից հետո ենթադրյալ հանցանք կատարած անձինք դարանակալել, հետապնդել են նրան և իրականացրել դիտավորությունը։

Այդ անձանց նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում: Քրեական վարույթի նախաքննությունը շարունակվում է։

Մի խումբ դիմակավորված անձինք այդ օրը հարձակվել էին ընդդիմադիր գործչի վրա ու նրան ծեծել: Դեպքը տեղի էր ունեցել կեսօրին, հանրային վայրում՝ «Դալմա մոլ»-ի ետնամասում:

Միհրան Հակոբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել էր բժշկական կենտրոն:

Նա «Հանրապետական» խմբակցության նախկին պատգամավոր է, Փաշինյանի իշխանության քննադատներից:

Բռնության դեպքով քրեական գործ է հարուցվել՝ մի խումբ անձանց կողմից խուլիգանական դրդումներով առողջությանը միջին ծանրության վնաս պատճառելու հոդվածով:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Միհրան Հակոբյանի նկատմամբ բռնության դեպքով քրեական գործ է հարուցվել


ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Դիմակավորված անձինք հանրային վայրում հարձակվել են ընդդիմադիր գործչի վրա